Դմիտրի Պեսկով. Ակնհայտ է, որ Եվրամիությունը բռնել է ռազմականացման ուղին՝ ըստ էության նվիրվելով Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման հարցին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ Ռուսաստանը կշարունակի մեծացնել ճնշումը Կիևի ռեժիմի վրա, որպեսզի հասնի իր նպատակներին։
Ինչ վերաբերում է Կիևին հասցված զանգվածային հարվածներին, Պեսկովը նշել է, որ դրանց թիրախը եղել են ռազմական կամ կիսառազմական ենթակառուցվածքների հետ կապված օբյեկտները։
Բացի այդ, Պեսկովը խոսել է նաև Եվրոպայի կողմից էսկալացիայի մասին.
«Այն, որ Եվրոպայի կողմից էսկալացիա է տեղի ունենում, միանշանակ է։ Միանշանակ է նաև այն փաստը, որ սեփական պաշտպանական ինքնության զարգացման հետ մեկտեղ, Եվրամիությունը բռնել է միլիտարիզացիայի ուղին և, փաստորեն, իրեն նվիրում է Ռուսաստանի Դաշնության հետ դիմակայության հարցին։ Այս գործոնն էլ ավելի է սրում եվրոպական մայրցամաքում առկա լարվածությունը։ Այս գործոնը մեզ ստիպում է լրացուցիչ միջոցներ պլանավորել սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Ինչ վերաբերում է քննարկումներին այն մասին, թե ինչպես դա պետք է ապահովվի, դուք գիտեք, որ կան կողմնակիցներ, ի դեպ՝ շատ խիստ և վճռական միջոցների կողմնակիցներ, այդ թվում՝ ակադեմիկոսներ։ Կան նաև ավելի զուսպ միջոցների կողմնակիցներ, բայց մի բան անկասկած է. Ռուսաստանի Դաշնության հուսալի անվտանգությունը և նրա ազգային շահերը ցանկացած պարագայում երաշխավորված կլինեն։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը կշարունակի մեծացնել ճնշումը Կիևի ռեժիմի վրա՝ իր նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Ի գիտություն՝ Կիևին հասցված զանգվածային հարվածն իրականացվել է գիշերը։ Արդյունքում զոհվել է առնվազն 17 մարդ, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են։ Ուկրաինական կողմի հայտարարությամբ՝ Ռուսաստանը հարձակման ժամանակ կիրառել է 74 հրթիռ և 496 անօդաչու թռչող սարք։