Դմանիսիում վրաց-ֆրանսիական ներդրումներով բացվեց բարձր տեխնոլոգիական ֆերմա
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը և Քվեմո Քարթլիի պետական ներկայացուցիչ Շոթա Ռեխվիաշվիլին, ներկա են գտնվել «Դմանիսիի անասնաբուծություն» ՍՊԸ-ի վրացական-ֆրանսիական ֆերմայի բացման արարողությանը:
«Այս նախագծի նախապատրաստումը շարունակվում է երկար տարիներ: Ներդրողների հետ միասին մեր նախարարությունն առաջին իսկ օրվանից ներգրավվեց գործընթացին: Նախագիծը մշակվել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և ֆինանսների նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ: Մեր խնդրանքով Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը ֆինանսավորել է Վրաստանում խոշոր եղջերավոր անասունների արտադրության և շուկայի մանրամասն ուսումնասիրությունը: Այս հետազոտությունն իրականացնելուց հետո բարձրակարգ մասնագետներ ներգրավվեցին նախագծման մեջ և այսօր մենք արդեն ունենք նոր ցեղատեսակի առաջին խումբը: Սա «սալերս» ֆրանսիական ցեղատեսակ է, որը ներկրվել է Վրաստանում, որը լավ է հարմարվում լեռնային ցուրտ կլիմային և իդեալական է Դմանիսիի համար:
Դմանիսիում բացված նոր ֆերմայում օգտագործվում են տեխնոլոգիական նորարարություններ, ձեռքբերումներ և ֆրանսիական փորձ: Այս նախագիծը կնպաստի մսի ուղղությամբ արագ զարգացմանը: Կարծում եմ, որ այս տնտեսությունը կկարողանա որակյալ միս մատակարարել ինչպես տեղական, այնպես էլ ոչ տեղական շուկաներին», – ասաց Լևան Դավիթաշվիլին:
«Կարծում եմ, որ Վրաստանի գյուղատնտեսությունը մեծ ներուժ ունի: Մենք ցանկանում ենք գրավել ֆրանսիացի ներդրողներին, որպեսզի նրանք ներդրումների միջոցով կարողանան մասնակցել Վրաստանի գյուղատնտեսության զարգացմանը», – ասաց Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով, «Դմանիսի անասնաբուծություն» ՍՊԸ-ն վրաց-ֆրանսիական ներդրումներով ստեղծված ժամանակակից չափանիշներով հագեցած ֆերմա է: Ըստ նրանց, ֆերմայի կազմակերպման ընդհանուր ներդրումը 10 միլիոն լարի է, ներառյալ վեց միլիոն լարի արտոնյալ ագրովարկը: Ֆերման նախատեսված է մսի ցեղատեսակի մայր կենդանիների համար: Ներկայումս ֆերմայում կա «սալերս» ցեղատեսակի 130 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք բերվել են Ֆրանսիայից: Ֆերմայում արտադրվում է նաև անասունների կեր՝ ամբողջական ցիկլի արտադրության համար:
Դմանիսիի Զեմո Ղարաբուլախ գյուղում նոր ֆերմայի բացման արարողությանը ներկա էին Գյուղի զարգացման գործակալության ղեկավար Իլիա Թամարաշվիլին, ընկերության վրացի ներդրող Արչիլ Գիորգաձեն և ընկերության ֆրանսիացի հիմնադիր Ժակ Ֆլուրը, ով ունի 25 տարվա փորձ Վրաստանում ագրոարդյունաբերության ոլորտում: