Դմանիսիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում սիբիրախտի դեպքեր են հայտնաբերվել
Քվեմո Քարթլիում Սննդի ազգային գործակալությունը սիբիրախտի հայտնաբերման պատճառով միջոցներ է ձեռնարկում:
«Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային բաժինը տեղեկություն է ստացել Դմանիսիի մունիցիպալիտետի Զեմո Կարաբուլախ գյուղում երկու խոշոր եղջերավոր անասունի սատկելու մասին։ Գործակալության անասնաբույժներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, վերցրել ախտաբանական նյութը և հետազոտել հավատարմագրված լաբորատորիայում։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրախտի հիվանդություն »,- հայտնել են գործակալությունից։
Նրանց տեղեկություններով՝ գործակալության անասնաբուժական ծառայությունը խոշոր եղջերավոր անասունների սատկելու վայրերում իրականացրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումները։ «Կենդանական սիբիրախտի դեմ պայքարի պրոֆիլակտիկ-կարանտինային կանոնի» համաձայն՝ սատկած խոշոր եղջերավոր անասուններն այրվել և թաղվել են, կատարվել են վարակազերծման աշխատանքներ, շրջակա պարագծում իրականացվում է կենդանիների կանխարգելիչ պատվաստում։ Տեղական ինքնակառավարման հետ համաձայնությամբ, կարանտին է հայտարարվել Զեմո Կարաբուլախի տարածքում, ինչը նշանակում է անասունների տեղաշարժի սահմանափակում, կենդանիների տոնավաճառների կազմակերպում, կենդանական ծագման մթերքների սպառման և վաճառքի սահմանափակում կարանտինային տարածքում։
«Սիբիրախտը (սիբիրյան խոց) վարակիչ հիվանդություն է, որն ազդում է ընտանի և վայրի կենդանիների վրա։ Սիբիրախտը ազդում է նաև մարդկանց վրա: Մարդիկ վարակվում են հիմնականում վարակված կենդանու մորթուց, նրա միս օգտագործելուց կամ աղտոտված հողից: Վրաստանում գրանցված է ավելի քան 2000 հողային կենտրոն։ Նոր բռնկումներն առաջանում են հիվանդ կենդանու սպանությունից կամ մասնատումից, խոշոր եղջերավոր անասունների դիակները դեն նետելուց և այլն: Ուստի, հիվանդության դեպքերի ժամանակին հայտնաբերումը և համապատասխան մարմիններին իրազեկելը չափազանց կարևոր է։
Սննդի ազգային գործակալության անասնաբույժներն ամեն տարի սիբիրախտի դեմ պատվաստում են մինչև մեկ միլիոն կենդանի »,- հայտնել են Սննդի ազգային գործակալությունից։