Դեւիդ Լամին. Մենք ուշադիր հետևում էինք այս բանակցություններին նախապատրաստվելու գործընթացին և արձանագրեցինք Ռուսաստանի կողմից ցածր մակարդակի ներկայացուցիչների ուղարկումը

13:34, 15.05.2025

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Լամին քննադատում է Ռուսաստանին՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար Թուրքիա ցածր մակարդակի պատվիրակություն ուղարկելու համար։

Դրա մասին Դեւիդ Լամին հայտարարեց Անթալիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախօրեին։

«Մենք եկել ենք մի պարզ ուղերձով՝ կանգնել Ուկրաինայի կողքին և ապահովել, որ ստանանք արդար և երկարաժամկետ, կայուն խաղաղություն։ Այս խաղաղության համար պատրաստակամությունն է ցույց տվել նախագահ Զելենսկին՝ Թուրքիա ժամանելով։ Իհարկե, մենք ուշադիր հետևում էինք այս բանակցություններին նախապատրաստվելու գործընթացին և արձանագրեցինք Ռուսաստանի կողմից ցածր մակարդակի ներկայացուցիչների ուղարկումը», – հայտարարել է Դեւիդ Լամին։

Ռուսական մամուլի տեղեկությամբ՝ Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովը և պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։

Նմանատիպ