Դենիս Շմիգալի խոսքով, Ռուսաստանը ուկրաինական նավահանգիստներում արգելափակել է 90 մլն տոննա հացահատիկ
Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը ուկրաինական նավահանգիստներում արգելափակել է 90 մլն տոննա հացահատիկ։
Այդ մասին Դենիս Շմիգալը հայտարարել է Լեհաստան կատարած այցի ընթացքում կայացած ճեպազրույցում։
«Այժմ նրանք ստեղծում են հաջորդ ճգնաժամը՝ պատմության մեջ առաջին անգամ արգելափակելով այլ երկրների նավահանգիստները։ 90 միլիոն տոննա մեր հացահատիկը արգելափակված է. Ավելին՝ հրթիռներով ռմբակոծում են մեր հացահատիկի պահեստները։ Հրթիռները ոչնչացրել են հացահատիկի վեց խոշոր պահեստներ»,- ասել է Շմիգալը։
Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ ռուսները կողոպտում են օկուպացված տարածքներում գտնվող ուկրաինացի ֆերմերներին և նրանց ունեցվածքը տեղափոխում սեփական երկիր։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այդ հարցը քննարկել է ՄԱԿ-ի եւ բոլոր միջազգային գործընկերների մակարդակով։
«Ռուսաստանը պարենային ճգնաժամ է հրահրում աշխարհում։ Եթե մենք այս հարցը չլուծենք համաշխարհային հանրության հետ, ապա չենք կարող պահել այս տարվա բերքը։ Եվ սա հաջորդ խնդիրն է, քանի որ պարենային ճգնաժամն աշխարհում կարող է երկար տեւել»,- ասել է վարչապետը։
Շմիգալը նշել է, որ Ուկրաինան կոչ է անում համաշխարհային հանրությանը լծակներ փնտրել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ ստեղծելու համապատասխան մարդասիրական միջանցքներ հացահատիկի և սննդամթերքի մատակարարման համար այն երկրներ, որոնք ակնկալում են այդ ապրանքները: