Դեկտեմբերի 7-8-ը Լևան Իոսելիանին հանդիպումներ կունենա Կիևում և Վարշավայում
Դեկտեմբերի 7-8-ը Լևան Իոսելիանին հանդիպումներ կունենա Կիևում և Վարշավայում

Դեկտեմբերի 7-8-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին պաշտոնական այցով Կիևում կհանդիպի Ուկրաինայի խորհրդարանական օմբուդսմեն Դմիտրո Լուբինեցի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը։

Ըստ նրանց հաղորդագրության, Լևան Իոսելիանին կմասնակցի նաև մարդու իրավունքներին նվիրված միջազգային բարձր մակարդակի համաժողովին, որտեղ կքննարկվեն Ուկրաինայում և Եվրոպայում ընթացիկ իրադարձությունները, ուկրաինա-ռուսական պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Համաժողովն անցկացվում է Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման 75-ամյակի կապակցությամբ։

Բացի այդ, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ, պաշտոնական այցի շրջանակներում Վարշավայում Ժողովրդական պաշտպանը կհանդիպի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում նրանք կքննարկեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և կխոսեն Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև սերտ և բազմակողմ համագործակցության հարցերի մասին։