Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ։
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով բարդացած անվտանգության միջավայրը, տեղեկատվություն են փոխանակել Ուկրաինային տրամադրվող քաղաքական և հումանիտար օգնության մասին և վերահաստատել են իրենց ամուր աջակցությունն Ուկրաինային։
«Նշվել է տարածաշրջանում միջազգային գործընկերների ավելի մեծ ներգրավվածության և Վրաստանին աջակցության հետագա համախմբման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հնարավոր սպառնալիքները, որոնք տարածաշրջանում ընթացող գործընթացները կարող են հանգեցնել Վրաստանի համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օկուպացված շրջաններում տիրող իրավիճակին։ Այս համատեքստում չեխական կողմը հայտարարեց, որ քաջատեղյակ է Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ իր աջակցությունն է հայտնել մեր երկրին։
Վրաստանի եվրաինտեգրման համատեքստում Դավիթ Զալկալիանին իր գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել ձեռք բերված առաջընթացի մասին, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման առումով։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Եվրամիությանն անդամակցելու դիմումի մասին և ընդգծել, որ Վրաստանն ակնկալում է գործընկերների աջակցությունն այդ հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նրանց խոսքով, նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ երկխոսության հետագա խորացումը և երկկողմ այցեր իրականացնել։