Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին՝ Ռուսաստանի հետ երկխոսության հարցում Վրաստանին Ֆրանսիայի աջակցության համար
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Կոլասի հետ։
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և Ուկրաինայի շուրջ զարգացումները։
«Կրկին նշվել է Ուկրաինայի նկատմամբ համերաշխությունը և նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը լիակատար աջակցությունը։ Ֆրանսիայի դեսպանը հանգամանորեն խոսել է ճգնաժամի թուլացման նպատակով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների մասին։ Նշվել է, որ Ֆրանսիան, որպես Եվրամիության խորհրդում նախագահող երկիր, ջանք չի խնայում լարվածությունը թուլացնելու համար։
Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Ռուսաստանի հետ երկխոսության շրջանակներում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։ Նա ընդգծել է տարածաշրջանում ընթացող գործընթացների ազդեցությունը Վրաստանի վրա։ Նախարարը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի ապակառուցողական քայլերի հետևանքով Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում ստեղծված անվտանգության և հումանիտար ծանր իրավիճակի վրա և նշել, որ Ռուսաստանի սադրիչ գործողությունները Վրաստանի օկուպացված տարածքներում տարածաշրջանի նկատմամբ նրա միասնական քաղաքականության մի մասն են։ Նախարարն ընդգծել է Վրաստանի ջանքերը՝ ուղղված Ժնևի միջազգային բանակցությունների արդյունավետ օգտագործմանը և նշել, որ Ռուսաստանը պետք է կատարի 2008 թվականի օգոստոսի 12-ին ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։ Դավիթ Զալկալիանին նշել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը և ընդգծել տարածաշրջանում արևմտյան գործընկերների ներգրավվածության ուժեղացման անհրաժեշտությունը», – ասվում է ԱԳՆ-ում:
Նրանց խոսքով, հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ հատկապես առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների լույսի ներքո։