Դավիթ Զալկալիանին մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանի վիրտուալ հանդիպմանը
Դավիթ Զալկալիանին մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանի վիրտուալ հանդիպմանը

2020 թվականի նոյեմբերի 4-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանի վիրտուալ հանդիպմանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, իր խոսքում նախարարը շեշտել է արդյունավետ բազմակողմանիության կարևորությունը ժամանակակից աշխարհում և նշել, որ բազմակողմանիությունը ծառայում է բոլոր պետությունների ազգային շահին`անկախ մեծությունից, գտնվելու վայրից և տնտեսական զարգացումից:

«Սերտ համագործակցությունը պետք է ուղեցույց լինի ներկա ճգնաժամին արդյունավետ արձագանքելու համար՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության լիակատար պաշտպանությամբ», – հայտարարել է Զալկալիանին:

Արտաքին գործերի գերատեսչության փոխանցմամբ, Զալկալիանին մանրամասն խոսել է Վրաստանի բռնազավթված տարածքներում, Աբխազիայում և Ցխինվալի շրջանում ստեղծված ծանր իրավիճակի մասին:

«Նախարարը հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի տարածմանը, Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն սադրիչ քայլեր է ձեռնարկում գրավյալ տարածքներում իրավիճակն էլ ավելի սրելու համար՝ օգտագործելով ինչպես սովորական, այնպես էլ՝ հիբրիդ մարտավարություն, և շեշտել, որ Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմը մեկուսացնում է բռնազավթված տարածքները և սրում մարդու իրավունքները և ծանր մարդասիրական իրավիճակը», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նրանց փոխանցմամբ, Զալկալինին նաև հիշեցրել է իր գործընկերներին, որ բռնազավթված շրջաններում Վրաստանի քաղաքացիների սպանության դեպքերի պատճառով արդարության պակասը հետագայում նպաստում է Աբխազիայում և Ցխինվալի շրջանում անպատժելիությանը: Նախարարն իր խոսքում հավելել է, որ այս իրադարձություններին զուգահեռ Ռուսաստանը սաստկացնում է հիբրիդային պատերազմը, ինչպես նաև կիբերհարձակումներն ու ապատեղեկատվական արշավը Վրաստանի դեմ:

«Թույլ տվեք շեշտել այս տագնապալի զարգացումներին արձագանքելու հարցում Եվրոպայի խորհրդի խաղացած կարևոր դերը: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի ողջունել գլխավոր քարտուղարի համախմբված զեկույցները և նախարարների կոմիտեի որոշումները այս հարցի վերաբերյալ: Ավելի ինտենսիվ ջանքեր են անհրաժեշտ օկուպացված շրջանները միջազգային մեխանիզմների համար մատչելի դարձնելու համար», – հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Ըստ ԱԳՆ-ի, նախարարը նիստին նշել է, որ չնայած Ռուսաստանի ագրեսիվ և անօրինական գործողություններին, Վրաստանի կառավարությունը հանդես է գալիս որպես միջազգային հանրության բարձր պատասխանատվություն ունեցող անդամ, այդ թվում `Ժնևի միջազգային քննարկումների միջոցով Ռուսաստան-Վրաստան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ներգրավվելու տեսանկյունից:

Իր խոսքի ավարտին Դավիթ Զալկալիանին շնորհավորել է Հունաստանի Հանրապետությանը հաջող նախագահության կապակցությամբ և ողջունել նախարարների կոմիտեի առաջիկա գերմանական նախագահությունը: