Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ հետ
Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ հետ

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանի հետ, ով նախագահում է Եվրոպական միության խորհուրդը։

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ուկրաինայի հարցը։ Դավիթ Զալկալիանին մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ՝ ընդգծելով միջազգային հանրության հետևողական և հաստատակամ արձագանքի կարևորությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտման։ Առանձնակի մտահոգությամբ են նշվել խաղաղ բնակչության շրջանում զոհերը։

Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծել է Ֆրանսիայի և Եվրամիության ջանքերը՝ Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիայի և բռնությունը դադարեցնելու ուղղությամբ։ Արտգործնախարարը վերահաստատել է պաշտոնական Փարիզի լիակատար համերաշխությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ և իր անվերապահ աջակցությունն ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նշվել է նաև, որ Վրաստանը կիսում և միանում է ԵՄ-ի և գործընկեր երկրների քաղաքական հայտարարություններին Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են 2008 թվականին Վրաստանում Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական միջամտությունը և այն սարսափելի հետևանքները, որոնք Վրաստանը դեռևս ապրում է իր տարածքների օկուպացիայի և տեղում ստեղծված ծանր հումանիտար և անվտանգության միջավայրի պատճառով։

Նախարարները համակարծիք էին, որ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և որ հետագա լուրջ հետևանքներից խուսափելու համար կարևոր է, որ Ռուսաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները:

Զրույցի ավարտին Ֆրանսիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ վրաց-ֆրանսիական ռազմավարական երկխոսությունը կշարունակվի, և տարվա երկրորդ կեսին Թբիլիսին կհյուրընկալի Դիմիտրի Ամիլախվարիի ձևաչափը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։