Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քելի Դեգնանի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգության միջավայրը, Ուկրաինայի շուրջ զարգացումները, վերահաստատվել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ամուր աջակցությունը։ Բանակցությունների հիմնական թեման էր ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը անվտանգության ոլորտում և այս գործընթացում գործընկերների հետ ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը: Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը Ռուսաստանի հետ երկխոսության շրջանակներում սերտ համակարգման և Վրաստանին աջակցելու համար։
Ըստ ԱԳ նախարարության, հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ամուր ռազմավարական գործընկերությունը, որը վճռորոշ է երկու երկրների ընդհանուր շահերի, ինչպես նաև տարածաշրջանի և եվրատլանտյան անվտանգության համար։
Հանդիպմանն ընդգծվել է, որ չնայած ռուսական օկուպացիային, ԱՄՆ-ի աջակցությամբ Վրաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսական զարգացման ուղղությամբ։
Հանդիպմանը քննարկվել է նաև երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը։