Դավիթ Զալկալիանին հանդիպել է Քելի Դեգնանի հետ
Դավիթ Զալկալիանին հանդիպել է Քելի Դեգնանի հետ

Փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քելի Դեգնանի հետ։ Ըստ Վրաստանի ԱԳ նախարարության, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, Ուկրաինայի շուրջ զարգացումները և Ռուսաստանի Դաշնության վերջին գործողություններն ու ագրեսիվ հռետորաբանությունը՝ ձգձգելու ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի ինտեգրման գործընթացը:

«Շեշտվել է, որ որևէ երրորդ կողմի հայտարարությունները՝ կապված ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումների վերանայման և այդ գործընթացի վրա ազդելու ցանկացած փորձի հետ, անընդունելի են։ Նշվել է նաև, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնական մարտահրավերն այսօր Ռուսաստանի կողմից բռնազավթումն է, բռնակցումն ու միջազգային պարտավորությունների չկատարումը հարևան երկրների տարածքների նկատմամբ։

Արտաքին գործերի նախարարը վերահաստատել է, որ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը վրաց ժողովրդի անդրդվելի կամքն է, և որ վրացական կողմը կշարունակի լիարժեք օգտագործել բոլոր առկա ձևաչափերը՝ արագացնելու այդ գործընթացը։ Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը Վրաստանի եվրատլանտյան կուրսին աջակցելու և այդ գործընթացում գործնական ու քաղաքական աջակցության համար։

«Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ Ռուսաստանի Դաշնության վերջին ագրեսիվ հռետորաբանության լույսի ներքո հատկապես կարևոր է մշտապես համաձայնեցնել դիրքորոշումները և համաձայնեցված քայլեր ձեռնարկել»,- ասվում է հաղորդագրությունում։

Քելի Դեգնանի խոսքով, ԱՄՆ-ի և Վրաստանի միջև սերտ համակարգումը շատ կարևոր է տարածաշրջանում լարվածության լույսի ներքո:

«Ես բարձր եմ գնահատում արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման հնարավորությունը։ Մեր միջև սերտ համակարգումը շատ կարևոր է հենց հիմա՝ տարածաշրջանում լարվածության լույսի ներքո։

Միացյալ Նահանգները և Վրաստանը շարունակում են քննարկել տարածաշրջանում առկա զարգացումները և ապահովել, որ մեր գործողությունները լավ համակարգված լինեն։ Մենք պատրաստվում ենք սերտ շփումներ պահպանել նույնիսկ տոնական օրերին՝ ընթացիկ իրադարձությունների հետքերով»,- ասել է Քելի Դեգնանը։