ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Լինհարթի հետ։
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի և Ավստրիայի միջև վերջերս ակտիվացած հարաբերությունները, ինչն արտացոլվել է Վրաստանի նախագահի Ավստրիայի Հանրապետություն կատարած այցով, ինչը նոր խթան է հաղորդել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
«Այս առումով հատկապես ընդգծվել է տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժը, համապատասխան գործարար պատվիրակությունների փոխանակումը և կապերի հաստատումը, ինչպես նաև ավստրիական ընկերությունների և ավստրիական ներդրումների կարևորությունը Վրաստանում։
Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Ավստրիական զարգացման հիմնադրամի շրջանակներում Վրաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։ Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Ավստրիային՝ տարբեր միջազգային ձևաչափերում Վրաստանի ինքնիշխանությանը ցուցաբերվող ուժեղ աջակցության համար», – ասվում է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։