Դավիթ Սոնգուլաշվիլին հանդիպել է իսպանական գաստրոնոմիական Vocento Gastronomía ընկերության ներկայացուցիչների հետ
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է իսպանական գաստրոնոմիական ընկերության՝ «Vocento Gastronomía»-ի գլխավոր տնօրեն Բենխամին Լանայի և առևտրային տնօրեն Լուիս Մարտիի հետ։
Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մայա Օմիաձեն։
Դավիթ Սոնղուլաշվիլին խոսել է գաստրոնոմիական ոլորտի զարգացման խթանման կարևորության մասին, ինչը ուղղակիորեն կապված է վրացական արտադրանքի հանրահռչակման և արտադրության խթանման, գյուղատնտեսական և հատկապես գինու ոլորտի զարգացման հետ։
Նախարարի խոսքով՝ Կախեթիի Գուրջաանի համայնքում, Բասկյան խոհարարական կենտրոնի աջակցությամբ, նախատեսվում է բացել գաստրոնոմիական ակադեմիա, որտեղ «Vocento Gastronomía»-ի փորձի փոխանակումն ու աջակցությունը հատկապես կարևոր կլինի։
Ինչպես հանդիպման ժամանակ նշել է զբոսաշրջության վարչության ղեկավար Մայա Օմիաձեն, ակտիվ աշխատանք է ընթանում այս ուղղությամբ ռազմավարական փաստաթղթի մշակման վրա, ինչը զգալիորեն կօգնի երկրում գաստրոնոմիական տուրիզմի զարգացմանը։
Քննարկվել է նաև համագործակցությունը միջազգային գաստրոնոմիական միջոցառումներին մասնակցության ուղղությամբ։
«Վրաստանի գաստրոնոմիական ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ։ Վրացական գաստրոնոմիան ունի յուրահատուկ առանձնահատկություններ, որոնք աշխարհի այլ երկրներում չեն կրկնվում», – նշել է Բենխամին Լանան։
Նշենք, որ Բենխամին Լանան ժամանակակից իսպանական գաստրոնոմիայի ամենաազդեցիկ մասնագետներից մեկն է։ Նրա ընկերությունը՝ «Vocento Gastronomía»-ն, կազմակերպում է այնպիսի մասշտաբային միջազգային գաստրոնոմիական միջոցառումներ, ինչպիսիք են՝ Madrid Fusión, San Sebastián Gastronomika, Encuentro de los Mares, Worldcanic։
Հանդիպմանը ներկա է եղել Իսպանիայում գործող վրացական ռեստորանի՝ «Նունուկա»-ի հիմնադիր Նինո Կիլտավան։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։