Դատախազությունը Փոթիում նորածնի կանխամտածված սպանության գործով մեղադրանք է առաջադրել մորը
Վրաստանի դատախազությունը Փոթիում նորածնի կանխամտածված սպանության գործով մեղադրանք է առաջադրել մորը։ Այս մասին տեղեկություն է տարածում դատախազությունը։
«Ներքին գործերի նախարարության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 10-ին Փոթիում Դ.Կ.-ն կանխամտածված սպանության նպատակով դանակահարել է նորածին որդուն, ապա մտցրել կոյուղու խողովակի մեջ։
Իրավապահները ձերբակալել են Դ.Կ.-ին։ Նա ձերբակալվել է փետրվարի 14-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (մոր կողմից նորածնի կանխամտածված սպանություն)»,- հայտնել են դատախազությունից։
Գերատեսչության տվյալներով՝ դատախազությունն արդեն դիմել է Փոթիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությամբ։