Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար
Վրաստանի դատախազությունը Թբիլիսիում մեկ անձի նկատմամբ մեղադրական եզրակացություն է ներկայացրել՝ դիտավորյալ սպանության համար։
«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին Թբիլիսիում՝ Ճաբուկիանի փողոցում, վիճաբանության ժամանակ մեղադրյալը դանակով վիրավորել է տուժածին կրծքավանդակի շրջանում։ Ստացած վնասվածքների հետեւանքով տուժածը հիվանդանոցում մահացել է։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։