Դատախազությունը մեղադրանք է առաջադրել յոթ անձի՝ ահաբեկչական գործունեության, զինամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել յոթ անձի՝ ահաբեկչական գործունեության, զինամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել յոթ անձի՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործողություններին աջակցելու, հրազենի, զինամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստերով։

Դատախազության տվյալներով՝ Պետանվտանգության ծառայության անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա երկրի և Վրաստանի քաղաքացիները միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը և տարբեր երկրներում ահաբեկչական գործողություններ ծրագրել, իսկ ամբաստանյալները ակտիվորեն փորձել են այլ անձանց ներգրավել ահաբեկչական գործունեության մեջ։

«Քննչական գործողությունների արդյունքում տարբեր ապացույցների հետ միասին ձեռք են բերվել և առգրավվել ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներ, էլեկտրոնային տեղեկատվություն, հրազեն, զինամթերք և պայթուցիկ սարքեր։

Վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով (օտարերկրյա երկրի ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելը և ահաբեկչական գործունեությանն աջակցելը), որը նախատեսում է ազատազրկում տասից տասնյոթ տարի ժամկետով, ինչպես նաև Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի «Ա» ենթակետով (խմբով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի գնում և պահպանում), որը նախատեսում է ութից տասնմեկ տարվա ազատազրկում։

Դատախազությունն արդեն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ բոլոր յոթ ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բանտարկություն։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է դատախազության տեղեկատվության մեջ։