Դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Գոմիսմթիի ավտոճանապարհին տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կանոնները խախտելու փաստով, ինչն առաջացրել է չորս մարդու մահ
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Գոմիսմթի ավան տանող ավտոճանապարհին տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կանոնները խախտելու փաստով, ինչն առաջացրել է չորս մարդու մահ։
Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 12-ին Օզուրգեթիի մունիցիպալիտետի Գոմիսմթի ավան տանող ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին ընթանալիս միկրոավտոբուսի վարորդը, ով չուներ նման քանակությամբ ուղևորներ փոխադրելու համապատասխան վարորդական իրավունքի կարգ և, չնայած դրան, փոխադրում էր օտարերկրացի զբոսաշրջիկների, չի ապահովել մեքենայի անվտանգ վարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորն ու բախվել ծառին։ Արդյունքում՝ մեքենայի չորս ուղևոր մահացել է, իսկ միկրոավտոբուսի 16 ուղևոր ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Իրավապահները ձերբակալել են ավտոմեքենայի վարորդին։ Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից երթևեկության անվտանգության կանոնները խախտելը, ինչն առաջացրել է երկուսից ավելի մարդու մահ), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ մինչև 10 տարի ժամկետով։
Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությամբ։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։