Դատախազությունը Քարելիի շրջանում մեկ անձի մեղադրանք է առաջադրել կնոջը ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ սպանելու փաստով
Վրաստանի դատախազությունը Քարելիի շրջանի Ավլևի գյուղում մեկ անձի մեղադրանք է առաջադրել կնոջը ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ սպանելու փաստով։
«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ օգոստոսի 18-ին մեղադրյալը վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել կնոջը՝ վրեժխնդրության շարժառիթով։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են օգոստոսի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «կ» ենթակետով (ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն), որը նախատեսում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվելու է հոգեբուժական փորձաքննություն, որը կուսումնասիրի մեղադրյալի հոգեվիճակը հանցագործության կատարման պահին»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։