Դատախազությունը հայտարարություն է տարածել մի քանի հիմնադրամների բանկային հաշիվների և դրանց վրա առկա դրամական միջոցների արգելանքի վերաբերյալ
Վրաստանի դատախազությունը հայտարարություն է տարածել մի քանի հիմնադրամների բանկային հաշիվների և դրանց վրա առկա դրամական միջոցների արգելանքի վերաբերյալ։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, Վրաստանի դատախազությունը դատարանի որոշման հիման վրա 2025 թվականի մարտի 17-ին իրականացրել է բանկային հաշիվների և դրանց վրա առկա դրամական միջոցների կալանք Վրաստանում գործող բոլոր բանկային հաստատություններում։
Վրաստանի դատախազությունը նաև հայտարարել է, որ այս քայլը կապված է հետաքննության հետ, որն ընթանում է սաբոտաժի, ծանրացուցիչ հանգամանքներումսաբոտաժի փորձի, օտարերկրյա կազմակերպությունների թշնամական գործունեությանը աջակցության և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման կասկածների հիման վրա։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից մինչև այսօր Վրաստանի խորհրդարանի առջև և երկրի տարբեր վայրերում ընթացող բողոքի ակցիաները, այսպես կոչված «երթերը» և այլ միջոցառումները կարճ ժամանակում ձեռք են բերել բռնության բնույթ և դուրս են եկել օրենքով սահմանված շրջանակներից։
Սա դրսևորվել է խորհրդարանի շենքի և այլ մասնավոր սեփականության վնասմամբ, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր առարկաների կամ նյութերի կիրառմամբ, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումներով և բռնի դիմադրության ցուցաբերմամբ, ինչպես նաև այլ ոչ խաղաղ գործողություններով։
Եղել են հանցավոր խմբերի կողմից կազմակերպված բռնության և դրանում ներգրավվածության դեպքեր, որոնք ուղեկցվել են բռնությամբ, անկարգություններով, ուրիշի գույքի վնասմամբ կամ ոչնչացմամբ, զենքի տեսքով տարբեր առարկաների կիրառմամբ, ներառյալ հատուկ պատրաստված պայթուցիկ սարքերը, դյուրավառ և հրկիզող նյութերը։