Դատախազությունը երկու անձի մեղադրանք է առաջադրել Զուգդիդիում ավտոմեքենայի վրա պայթուցիկ սարք տեղադրելու միջոցով կանխամտածված սպանության համար
Վրաստանի դատախազությունը երկու անձի մեղադրանք է առաջադրել Զուգդիդիում կանխամտածված սպանություն նախապատրաստելու, ապօրինի պայթուցիկ սարք գնելու, պահելու և կրելու, և ավտոմեքենայի վրա պայթուցիկ սարք տեղադրելու համար։
«ՆԳ նախարարության կատարած քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի մարտի 30-ին, Զուգդիդիում Ջ.Ք.-ն և Բ.Թ.-ն նախկին հակասության պատճառով Ջ.Դ.-ին սպանելու նպատակով նրան պատկանող մեքենայի վրա տեղադրել են պայթուցիկ սարքեր»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։
Նրանց խոսքով՝ իրավապահները երկու մեղադրյալներին էլ ձերբակալել են պայթուցիկ սարքը տեղադրելու ժամանակ։ Նրանց անձնական խուզարկության ժամանակ երկու նռնակ է հայտնաբերվել։
Ջ.Ք.-ին և Բ.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 18.109-րդ հոդվածի 2-րդ մասի «Ե» ենթակետով (խմբովի կանխամտածված սպանության նախապատրաստում) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (Ապօրինի պայթուցիկ սարքի գնում, պահում և կրում), որը պատժվում է 13-ից 17 տարի ազատազրկմամբ։
«Դատախազությունը մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար դատարանին կդիմի օրենքով սահմանված ժամկետում»,- հայտնել են Վրաստանի դատախազությունից։
Նրանց փոխանցմամբ՝ քրեական գործը նախաքննության փուլում է: