Դատախազություն. Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետախուզվողը Վրաստանից արտահանձնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Դատախազություն. Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետախուզվողը Վրաստանից արտահանձնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետախուզվող Ռուսաստանի քաղաքացին Վրաստանից արտահանձնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին տեղեկություն է տարածում դատախազությունը։

«ԱՄՆ-ում իրականացված հետաքննության համաձայն՝ պարզվել է, որ Ռուսաստանի քաղաքացին 2016-2019 թվականներին, օգտագործելով սեփական համակարգչային վիրուսը, ձեռք է բերել տուժածների, այդ թվում՝ Ֆլորիդայում բնակվողների համակարգչային համակարգեր ներթափանցելու համար անհրաժեշտ տվյալները։ Բացի այդ, հետախուզվողը ինտերնետ հարթակի միջոցով ձեռք բերված տվյալները և հենց համակարգչային վիրուսը տեղափոխել է այլ անձանց։ Նշված գործողությունների արդյունքում մեղադրյալը ստացել է մոտավորապես 1.000.000 լարի եկամուտ։

Հետախուզվողը Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին Քոբուլեթիում։ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալի արտահանձնումն ԱՄՆ-ն թույլատրելի է ճանաչվել Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից, որից հետո Ռուսաստանի Դաշնության քաղաքացին հանձնվել է ԱՄՆ-ի իրավասու մարմինների ներկայացուցիչներին։

Նշենք, որ հետախուզվողի արտահանձնմանն արձագանքել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որն ընդգծել է Վրաստանի դատախազության, ՆԳՆ-ի և Արդարադատության նախարարության հաջող և արդյունավետ համագործակցությունը։

Վրաստանի դատախազությունը պատրաստակամություն է հայտնում հետագայում հաջողությամբ համագործակցել ԱՄՆ-ի իրավասու մարմինների հետ՝ հետախուզվողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։