Դատախազություն. Գրիգոլ Լիլուաշվիլին կաշառքի դիմաց պաշտպանել է Մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին տնօրեն Կախա Գվանցելաձեին, ով այսպես կոչված կաշառքներ էր ստացել բիզնես սուբյեկտներից
Դատախազության տվյալներով՝ Գրիգոլ Լիլուաշվիլին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կաշառք ստանալու դիմաց հովանավորել է Թբիլիսիի քաղաքապետարանի մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին տնօրեն Կախա Գվանցելաձեին։
Քննչական մարմնի տվյալներով՝ այս հանցավոր սխեման այն դրվագներից մեկն է, որի հիման վրա Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին մեղադրվել է։
«Գրիգոլ Լիլուաշվիլին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կաշառքի դիմաց հովանավորել է իր ընկերոջը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին տնօրեն Կախա Գվանցելաձեին, որը մանկապարտեզների կողմից իրականացվելիք գնումների պայմանագրերի կնքման ընթացքում գործարար սուբյեկտներից կաշառքի՝ այսպես կոչված «հետվճարների» ձևով, ստանում էր հատկապես խոշոր գումարներ», – ասված է տեղեկատվության մեջ։
Քննչական մարմնի տվյալներով՝ Լիլուաշվիլի–Գվանցելաձե նշված հանցավոր սխեմայում Կախաբեր Գվանցելաձեն ներգրավել էր գործակալության ֆինանսական հաշվառման, հաշվարկման և մոնիթորինգի բաժնի աշխատակիցներին։
«Նրանց բոլորի նկատմամբ կայացվել է որոշում՝ որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։
Քրեական գործի շրջանակում կատարվել են հարյուրավոր քննչական գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնց ցուցմունքներով հաստատվում է Գրիգոլ Լիլուաշվիլու և այլ անձանց կողմից հանցանքի կատարումը։ Բացի այդ, առգրավվել են տարբեր ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր և ձայնագրություններ», – նշված է տեղեկատվության մեջ։
Դատախազությունը այսօր ձերբակալել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլուն։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով։