Դատախազություն. Բաթումիում երիտասարդ կնոջ մահվան դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է բռնության և դիտավորյալ սպանության հոդվածներով, մեկ անձ ձերբակալվել է
Բաթումիում երիտասարդ կնոջ մահվան գործով ՆԳՆ-ն հետաքննություն է վարում դիտավորյալ սպանության և բռնության հոդվածներով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ այս փուլում նշված քրեական գործով մեկ անձ է ձերբակալվել, որին մեղադրանք է առաջադրվել բռնության համար։
«ՆԳՆ-ի ընթացիկ հետաքննության շրջանակներում պարզվել է, որ հունվարի 26-ին Բաթումիի սրճարաններից մեկում, փոխադարձ վիճաբանության արդյունքում, մեղադրյալը ֆիզիկական բռնություն է գործադրել ուղեկցող կնոջ վրա։
Քրեական գործի այս փուլում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ պարզվում է նաև, որ բռնությունից հետո տուժող կինը և մեղադրյալը միասին գնացել են Բաթումի հյուրանոցներից մեկը։ Հունվարի 26-ին՝ առավոտյան ժամերին՝ բռնությունից մի քանի ժամ անց, կնոջը մահացած են գտել վերոնշյալ հյուրանոցի համարի լոգարանում։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հունվարի 27-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով (բռնություն, որն առաջացրել է ֆիզիկական ցավ)։
Նշված փաստի կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ում նախաքննություն է սկսվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ավելի ուշ քրեական գործի որակավորումը փոխվել է և նախաքննությունն այս պահին ընթանում է բռնության և դիտավորությամբ սպանության հոդվածներով։
Ներքին գործերի նախարարությունում քրեական գործի քննությունը շարունակվում է։
Դատախազությունն արդեն դիմել է Բաթումիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը սահմանելու միջնորդությամբ»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։