Դատախազություն. 2016 թվականին Միխեիլ Սաակաշվիլին Գիվի Թարգամաձեի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել է Շոթա Ճիճիաշվիլիին, որն իր հերթին գործի մեջ ներգրավել է Դարչո Խեչուաշվիլիին
Դատախազություն. 2016 թվականին Միխեիլ Սաակաշվիլին Գիվի Թարգամաձեի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել է Շոթա Ճիճիաշվիլիին, որն իր հերթին գործի մեջ ներգրավել է Դարչո Խեչուաշվիլիին

Վրաստանի դատախազության տվյալներով, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գիվի Թարգամաձեի նկատմամբ վերահսկողությունն ու հետևումը հանձնարարել է Շոթա Ճիճիաշվիլիին, որն իր հերթին գործի մեջ ներգրավել է Դարչո Խեչուաշվիլիին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է դատախազ Ամիրան Գուլուաշվիլին։

«Հանրությանը հայտնի է, որ սեպտեմբերի 19-ին Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Դարչո Խեչուաշվիլիին, ով հետախուզվում էր Գիվի Թարգամաձեի և այլ անձանց նկատմամբ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար։

Նշված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է դատապարտյալ Դարչո Խեչուաշվիլին, ով կարեւոր տվյալներ է փոխանցել քննությանը։

Ինչպես պարզ է դառնում դատապարտյալի ցուցմունքից, 2016 թվականի օգոստոսի վերջին Դարչո Խեչուաշվիլին հանդիպել է «Դիմա» (Դիմիտրի) անունով անհայտ անձին, որը նրան փոխանցել է Շոթա (Մևլուդ) Ճիճիաշվիլիի առաջադրանքը՝ Ճիճիաշվիլիի հետ հանդիպման համար։ Դատապարտյալի խոսքով, ինքը նախկինում ծանոթ է եղել Շոթա Ճիճիաշվիլիի հետ և համապատասխանաբար համաձայնել է հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ Շոթա Ճիճիաշվիլին դատապարտյալին ասել է, որ վերջերս Ուկրաինայում հանդիպել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ՆԳ նախկին փոխնախարար Գիա Լորթքիփանիձեի հետ միասին։ Ըստ Ճիճիաշվիլիի, Սաակաշվիլին հանդիպման ժամանակ ասել է, որ չի վստահում նրա կուսակից Գիվի Թարգամաձեին, քանի որ իր տեղեկություններով Թարգամաձեն մինչ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները համագործակցել է Վրաստանի ներկայիս իշխանության հետ, ուստի Սաակաշվիլին Ճիճիաշվիլիին հանձնարարել է վերահսկել և հետևել Գիվի Թարգամաձեին:

Իր հերթին, Շոթա Ճիճիաշվիլին Օդեսայում լավ պաշտոնի նշանակելու դիմաց Խեչուաշվիլիից օգնություն է խնդրել Գիվի Թարգամաձեին հետևելու և նրա տեղաշարժերի մասին տեղեկություններ տրամադրելու համար, ինչին դատապարտյալը համաձայնել է և իրենց ընդհանուր ծանոթ «Դիմայի» հետ սկսել է հետեւել Գիվի Թարգամաձեին եւ վերահսկել նրա տեղաշարժը:

Դարչո Խեչուաշվիլիի ցուցմունքի համաձայն, իրենք սկզբում հետևել են Գիվի Թարգամաձեին իր «Mercedes» մեքենայով, իսկ հետո «Դիման» բերել է Խեչուաշվիլիին պատկանող մեքենայի նման՝ տրանզիտ համարանիշներով մեկ այլ մեքենա և Խեչուաշվիլիին ասել է, որ հենց այս մեքենան են տվել Գիվի Թարգամաձեին հետևելու համար:

Դատապարտյալի խոսքով՝ հսկողության հերթական օրերից մեկը՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին, Դարչո Խեչուաշվիլին, ով գտնվում էր Թբիլիսիի Կոլտնտեսության հրապարակում գտնվող «Ազգային շարժման» գրասենյակի մոտ, Շոթա Ճիճիաշվիլիին հեռախոսով հայտնել է, որ Գիվի Թարգամաձեն մտել է « Ազգային շարժման գրասենյակ: Այն բանից հետո, երբ Գիվի Թարգամաձեն դուրս է եկել կուսակցության գրասենյակից և նստել մեքենան, դատապարտյալը կրկին հայտնել է Շոթա Ճիճիաշվիլիին այս մասին, որից հետո Գիվի Թարգամաձեի մեքենան պայթել է։ Մեքենայի պայթյունից հետո Խեչուաշվիլին Շոթա Ճիճիաշվիլիին տեղեկացրել է Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունի մասին, որից հետո Շոթա Ճիճիաշվիլիի հանձնարարությամբ նա լքել է Վրաստանի տարածքը և ապօրինի հատել Վրաստանի սահմանը դեպի Թուրքիայի տարածք։

Հասարակությանը հիշեցնում ենք, որ Դարչո Խեչուաշվիլին դատապարտվել է Գիվի Թարգամաձեի և այլ անձանց նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի, այլոց գույքը դիտավորությամբ վնասելու, հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր խմբակային գնելու և պահելու համար, և դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

Քրեական գործի նախաքննությունը ՆԳՆ-ում շարունակվում է՝ գործի հետ առնչություն ունեցող մյուս անձանց և հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է դատախազության տեղեկության մեջ։