Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «հաղթող Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլիի դատավարությունը:
Դատական նիստում հարցաքննվել են մեղադրող կողմի վկաները, երկու քննիչ և ՆԳՆ-ի մամուլի ծառայության մեկ աշխատակից: Քննիչները խոսել են քննչական գործողությունների մասին, իսկ մամուլի ծառայության աշխատակիցը այն տեսանյութի մասին, որը նախարարության մամուլի ծառայությունը նկարահանել էր հունիսի 20-ին:
Անձամբ Իրակլի Օքրուաշվիլին ներկա չեր դատական նիստին:
Այսօրվա նիստին դատարանը քննարկել է նաև նրա խափանման միջոցը փոխելու հարցը, սակայն Իրակլի Օքրուաշվիլին մնացել է կալանքի տակ:
«Տարբեր քննիչներ միևնույն ժամանակ օգտագործում են միևնույն բառերը և թույլ են տալիս սխալներ: Սա, իհարկե, հարցերի հիմքն է: Բացի այդ, պարզվում է, որ կոնկրետ քննիչը հայտարարել է, որ հակամարտությունը տեղի է ունեցել հասարակության և ոստիկանության միջև, և փաստորեն ոստիկանությունը որպես կողմ հետաքննել է այդ գործը, ինչը կարծում եմ խոչընդոտում է օբյեկտիվությանը»,- ասել է Իրակլի Օքրուաշվիլիի փաստաբան, Վախթանգ Իաշվիլին:
Հետաքննությունը մեղադրում է Օքրուաշվիլիին ՝ հունիսի 20-ի հանրահավաքի ժամանակ խմբովի բռնություն կազմակերպելու մեջ:
Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 23-ին, ժամը 13:00-ին: