Դատարանը հոկտեմբերի 4-ի գործով մեղադրյալներ Պաատա Բուրճուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին և Պաատա Մանջգալաձեին դատապարտել է յոթական տարվա ազատազրկման
Դատարանը «հոկտեմբերի 4-ի գործով» մեղադրյալներ Պաատա Բուրճուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին և Պաատա Մանջգալաձեին դատապարտել է յոթական տարվա ազատազրկման։
Ինչ վերաբերում է նույն գործով մյուս մեղադրյալներին, դատարանի որոշմամբ՝ Լաշա Բերիձեն դատապարտվել է յոթ տարվա, Իրակլի Շաիշմելաշվիլին՝ երկու տարվա, իսկ Իրակլի Չխվիրկիան, Թորնիկե Մճեդլիշվիլին, Գուրի Ժվանիան և Նիկա Գվենցաձեն՝ հնգական տարվա ազատազրկման։
Որոշումը քիչ առաջ հայտարարել է դատավոր Իրակլի Խուսկիվաձեն։ Դատավարության ընթացքում գրեթե բոլոր մեղադրյալներն օգտվել են վերջին խոսքի իրավունքից։
Տեղեկության համար նշենք, որ Մուրթազ Զոդելավային, Պաատա Բուրճուլաձեին և Իրակլի Նադիրաձեին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով.
- 19-222-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ — ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտների զավթման կամ արգելափակման փորձ՝ կատարված խմբի կողմից:
- 225-րդ հոդվածի 1-ին մաս — խմբակային բռնության կազմակերպում և ղեկավարում:
- 317-րդ հոդված — Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր (նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում):
Պաատա Մանջգալաձեն մեղավոր է ճանաչվել խմբակային բռնության կազմակերպման համար (225-րդ հոդված), ինչը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում։
Ինչ վերաբերում է մյուսներին.
- Իրակլի Շաիշմելաշվիլի — մեղադրվել է 317-րդ հոդվածով (իշխանությունը տապալելու կոչեր)՝ 3 տարի առավելագույն պատժաչափով:
- Լաշա Բերիձե, Իրակլի Չխվիրկիա, Նիկա Գվենցաձե և Թորնիկե Մճեդլիշվիլի — մեղադրվել են ռազմավարական օբյեկտների զավթման փորձի և խմբակային բռնության կազմակերպման մեջ։
- Գուրի Ժվանիա — մեղադրվել է խմբակային բռնությանը մասնակցելու համար (225-րդ հոդվածի 2-րդ մաս):