Դանիայի վարչապետն արձագանքում է Դոնալդ Թրամփի հայտարարությանը` Գրենլանդիան գրենլանդացիներինն է

19:52, 07.01.2025

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը արձագանքել է Գրենլանդիայի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությանը։

Տեղական լրատվամիջոցների հետ զրույցում վարչապետը նշել է, որ Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։

«Դանիական կառավարության դիրքորոշումը բացարձակապես պարզ է։ Գրենլանդիայի ապագան որոշվում է Գրենլանդիայում։ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին»,- ասել է Դանիայի վարչապետը։

ԱՄՆ նորընտիր նախագահն արձագանքել է որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի Գրենլանդիա ժամանելուն։ Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցում գրել է. «Ժողովուրդը հսկայական օգուտ կքաղի, եթե և երբ Գրենլանդիան դառնա մեր երկրի մաս։ Մենք հոգ կտանք նրա մասին և կպաշտպանենք չար արտաքին աշխարհից: Եկեք Գրենլանդիան դարձնենք հիանալի»:

Դոնալդ Թրամփ կրտսերը վերջերս է ժամանել Գրենլանդիա։ Ըստ The Associated Press-ի՝ ԱՄՆ նորընտիր նախագահի որդին պատրաստվում է Գրենլանդիայում տեսահոլովակ նկարահանել փոդքասթի համար։ Նա չի նախատեսում հանդիպել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կամ քաղաքական գործիչների հետ։

«Մենք այստեղ ենք որպես զբոսաշրջիկներ՝ տեսնելու, թե ինչ տեսք ունի այս հրաշալի վայրը։ Որոշ ժամանակ է, ինչ խոսում ենք այստեղ գալու մասին։ Ես պատրաստվում էի գալ այստեղ անցյալ տարվա գարնանը, որպեսզի անեմ այն, ինչ անում եմ ազատ ժամանակ: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ։ Դա արտասովոր երկիր է։ Նա (Դոնալդ Թրամփը) ձեզ հարցազրույց կտա։ Երեկ զրուցեցինք նրա հետ։ Այսպիսով, նա ողջունում է բոլորիդ Գրենլանդիայում»,- ասել է Դոնալդ Թրամփ կրտսերը Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի օդանավակայանում։

Նշենք, որ Դոնալդ Թրամփը Գրենլանդիան գնելու ցանկություն է հայտնել նույնիսկ իր պաշտոնավարման առաջին շրջանում։

Նմանատիպ