Դաղստանում զինված անձանց հարձակումների հետևանքով սպանված իրավապահների թիվը հասել է 15-ի
Դաղստանում զինված անձանց հարձակումների հետևանքով սպանված իրավապահների թիվը հասել է 15-ի

Դաղստանում զինված անձանց կողմից համակարգված հարձակումների արդյունքում սպանված իրավապահների թիվը հասել է 15-ի։ Զոհվել են նաեւ մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ հոգեւորական։

«Այսօրվա ահաբեկչության զոհ են դարձել ավելի քան 15 ոստիկան, ովքեր զենքը ձեռքներին պաշտպանում էին Դաղստանի խաղաղությունը»,- ասել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիկովը։

Մելիկովը նշել է, որ Դաղստանում իրավիճակը վերահսկվում է պետական ​​կառույցների և իրավապահ մարմինների կողմից։

Բացի այդ, Դաղստանի Հանրապետության ղեկավարի խոսքով, օպերատիվ որոնողական-հետախուզական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել հարձակումներին մասնակցող բոլոր անձինք։ Ինչպես պարզաբանում է Դաղստանի Հանրապետության ղեկավարը, հարձակվողներից վեցը սպանված են։

Հիշեցնենք, որ հարձակումն իրականացվել է Դերբենտ քաղաքում գտնվող եկեղեցու և սինագոգի, ինչպես նաև Մախաչկալա քաղաքում տեղակայված սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Քաղաքները միմյանցից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա են։

Կասկածյալներից ոմանք ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Դաղստանի քննչական կոմիտեի դեպարտամենտը քրեական գործ է հարուցել «ահաբեկչական հարձակում» վերտառությամբ։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը ձերբակալվել և տարվել է հարցաքննության՝ Մախաչկալա և Դերբենտ քաղաքների հարձակմանը իր որդիների հնարավոր մասնակցության պատճառով։

Դաղստանում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել։