Դաղստանում տեղի ունեցած հարձակումներից հետո Մախաչկալայի քաղաքապետն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել
Դաղստանում տեղի ունեցած հարձակումներից հետո Մախաչկալայի քաղաքապետ Յուսուփ Ումավովը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել։
Ըստ լրատվամիջոցների՝ Ումավովն ընդգծել է գերատեսչությունների միջև համակարգված գործողությունների անհրաժեշտությունը և պաշտոնյաներին հանձնարարել է տեղեկատվություն տրամադրել արտակարգ դրության մասին հանրությանը:
«Համապատասխան ծառայություններն ու իրավապահ մարմինները արագ աշխատեցին, բայց ցավոք սրտի, կորուստներ ունենք։ Ներկայումս իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղված կարգուկանոնի վերականգնմանը»,- ասել է Ումավովը։
Հիշեցնենք, որ հարձակումն իրականացվել է Դերբենտ քաղաքում գտնվող եկեղեցու և սինագոգի, ինչպես նաև Մախաչկալա քաղաքում տեղակայված սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Քաղաքները միմյանցից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա են։
Կասկածյալներից ոմանք ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Դաղստանի քննչական կոմիտեի դեպարտամենտը քրեական գործ է հարուցել «ահաբեկչական հարձակում» վերտառությամբ։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը ձերբակալվել և տարվել է հարցաքննության՝ Մախաչկալա և Դերբենտ քաղաքների հարձակմանը իր որդիների հնարավոր մասնակցության պատճառով։
Դաղստանում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել։