Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում բացվեց վրացական գինու պատկերասրահ:
Պատկերասրահի բացման արարողությանը ներկա է եղել Վրաստանի փոխվարչապետ, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Շվեյցարիայում բացվեց վրացական գինու առաջին պատկերասրահը, որը կնպաստի մեր գինու հանրահռչակմանը։ Թիրախային շուկաներում վրացական գինին գնալով ավելի տարածված է դառնում։ Մեզ համար հատկապես կարևոր է մեր գինին բարձր գնողունակությամբ շուկաներում ներկայացնելը։ Այնպիսի կենտրոնները, ինչպիսին է նոր պատկերասրահը, սփյուռքի ներգրավմամբ, նպաստում են վրացական գինու ներկայացմանը ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ եվրոպական այլ երկրներում»,- ասաց Լևան Դավիթաշվիլին։
Ինչպես նշել է նախարարը, Ցյուրիխում բացված վրացական գինու պատկերասրահը գնորդին կառաջարկի 12 վրացի արտադրողների տարբեր տեսակների գինիներ:
Վրացական գինու պատկերասրահ բացելու գաղափարը պատկանում է Ցյուրիխում բնակվող վրացի գործարար Զվիադ Արաբիձեին։ Նրա նախաձեռնությամբ Ցյուրիխում բացվել և գործում են կիրակնօրյա դպրոց և գրադարան վրացական սփյուռքի համար։
Պատկերասրահի բացման արարողությանը հրավիրված հյուրերի թվում էին տեղի գործարարներ և վրացական սփյուռքի ներկայացուցիչներ։
Զվիադ Արաբիձեի խոսքով, Շվեյցարիայում ութ հազար տարվա պատմություն ունեցող վրացական գինու համար դժվար չի լինի տեղ հաստատել։ Շատ կարևոր է, որ Շվեյցարիայում բացված առաջին վրացական գինու պատկերասրահը հաճախորդներին առաջարկում է բարձրորակ, մրցունակ գինի և շահագրգիռ անձանց ծանոթացնում վրացական գինու մշակույթին և պատմությանը:
Տեղեկությունը տարածում է բնապահպանության պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։