CNN. ՄԱԿ-ը հետաքննում է Ուկրաինայում 300 խաղաղ բնակիչների անօրինական սպանությունը
ՄԱԿ-ը հետաքննում է Ուկրաինայում 300 խաղաղ բնակիչների անօրինական սպանությունը։ «CNN»-ի փոխանցմամբ, այս մասին նրանց հետ զրույցում ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները։
Բոգները խոսեց Ուկրաինայում խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին և ասաց, որ ՄԱԿ-ը հետաքննում է քաղաքացիական անձանց անօրինական սպանությունների 300 դեպքերը, որոնք առաքելությունը կարողացել է փաստագրել։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, մինչ այժմ Ուկրաինայում գրանցվել է քաղաքացիական անձանց զոհվելու կամ վիրավորվելու ավելի քան 5000 դեպք, այդ թվում՝ տասնյակ բռնաբարություններ և մինչև 150 առևանգումներ: Նրա խոսքով՝ դեպքերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
«Մենք լսում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված որոշ տարածքներում հետապնդվում են ուկրաինամետ հայացքներ ունեցող մարդիկ։ Օրինակ, նրանք բերման են ենթարկում տեղի պաշտոնյաներին, ակտիվիստներին, իրավապաշտպաններին, երբեմն նաև լրագրողների: Ոմանք ազատ են արձակվել, ինչը լավ է, բայց ոմանց մահացած են գտել»,- ասել է Բոգները։