«CNN»․ Առևանգման փորձի մեջ կասկածվող երկրորդ օդաչուն, հավանաբար, ցանկացել է հարձակվել Իսրայելի օդանավակայանի վրա
«CNN»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին, գրում է, որ առևանգման փորձի մեջ կասկածվող երկրորդ օդաչուն, հավանաբար, ցանկացել է հարձակվել Իսրայելի օդանավակայանի վրա։
Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի խոսքով՝ երկրորդ օդաչուն գործընկերոջը հարվածել է վթարային կացնով։ Դատախազը պատահարը որակել է որպես «ահաբեկչական ակտ»։
Քննությունը ղեկավարում է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ քննությունը վաղ փուլում է, և կասկածյալի մտադրությունը լիովին պարզված չէ։
Պարզված չէ, թե ինչու է նա հարձակվել գլխավոր օդաչուի վրա Սաուդյան Արաբիայի օդային տարածքում, եթե նպատակը Իսրայելի օդանավակայանին հարվածելն էր։
«CNN»-ի փոխանցմամբ՝ երկրորդ օդաչուն, հավանաբար, գործել է միայնակ, և Իսրայելը դեռևս տեղեկություններ չունի ահաբեկչական կազմակերպության հետ նրա կապի մասին։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ նա նախկինում աշխատել է Օմանի ազգային ավիաընկերությունում և պատրաստվում էր դառնալ օդաչու, սակայն իր ծայրահեղական հայացքների պատճառով փոխադրվել էր գրասենյակային աշխատանքի։