Չնայած Ռուսաստանի բողոքին՝ հնդկական ընկերության արտադրած զինամթերքը մտնում է Ուկրաինա
Հնդիկ արտադրողների կողմից վաճառվող հրետանային արկերը եվրոպացի հաճախորդների կողմից ուղղորդվել են դեպի Ուկրաինա: Չնայած Ռուսաստանի բողոքներին, Հնդկաստանի կառավարությունը չմիջամտեց նշված առևտուրը դադարեցնելու համար։
Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հնդիկ և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների և մաքսային տվյալների հիման վրա։ Ուկրաինային աջակցող զինամթերքի փոխանցումը շարունակվում է ավելի քան մեկ տարի։
Հնդկաստանի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ անանունության պայմանով Reuters-ին հայտնել են, որ Կրեմլը առնվազն երկու անգամ բարձրացրել է այդ հարցը հնդկական կողմի հետ, այդ թվում՝ հուլիսին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնդիկ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Հունվարին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Հնդկաստանն Ուկրաինային հրետանային արկեր չի ուղարկել կամ վաճառել։
Ըստ Reuters-ի՝ պատերազմի սկսվելուց հետո Կիեւի կողմից ներկրված սպառազինության ընդհանուր ծավալում հնդկական արտադրության զենքի բաժինը շատ փոքր է եւ կազմում է մեկ տոկոս։ Ուկրաինա հնդկական զինամթերք ուղարկող եվրոպական երկրների թվում են Իտալիան և Չեխիան։ Բացի այդ, հայտնի չէ՝ եվրոպական երկրներն այդ արկերը տվել են Կիևին, թե վաճառել են դրանք։