Չնայած մարտահրավերներին, Վրաստանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջատար դիրքը, ինչպես բիզնես վարելու լավագույն վայր. ԱՄՆ-ի պետքարտուղարության եզրահանգում
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի 170 երկրներում, այդ թվում Վրաստանում, ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույցը:
Զեկույցում ասվում է, որ Վրաստանում, ընդհանուր առմամբ, բիզնեսի և ներդրումների պայմանները կայուն են:
Զեկույցում ընդգծվում է, որ Վրաստանը բարձր տեղ է զբաղեցնում համաշխարհային բանկի բիզնես վարելու պարզության, ինչպես նաև տնտեսական ազատության ինդեքսի ցուցակում: Նշվում է, որ «Վրաստան 2020» տնտեսական ռազմավարությունը նախատեսում է շահավետ քաղաքականություն բիզնեսի համար և ներառական աճ ամբողջ երկրում:
«Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ արտահայտում են աճող անվստահություն դատական իշխանությունների, առևտրային գործերը ինքնուրույն, ժամանակին կամ գրագետ վարելու ունակության նկատմամբ: Բիզնես վեճերի որոշ գործեր տարիներ շարունակ ձգձգվում են: Այլ ընկերություններ բողոքում են մունիցիպալ մակարդակում որոշումների կայացման անարդյունավետ գործընթացներից, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների իրականացման թերացումներից, արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության բացակայությունից, տնտեսական օրենսդրության ընտրովի կիրառումից և գույքային վեճերի լուծման բարդություններից: Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ, և չնայած այս մարտահրավերներին, Վրաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի առաջնագծում, որպես բիզնես անելու լավ վայր»,- ասված է զեկույցում:
Պետքարտուղարության զեկույցում հիշատակվում է նաև Անակլիա նավահանգիստը:
«2016 թվականին իր նախնական պայմանագրից հետո, բազմիցս հետաձգվել է Անակլիա խորջրյա նավահանգստի նախագծի իրականացումը: Կառավարությունը Անակլիայի զարգացման կոնսորցիումի հետ պայմանագիրը խզել է 2020 թվականին, քանի որ կոնսորցիումը չի կարողացել բավարար կապիտալ հավաքել: Այնուամենայնիվ, կառավարությունը դեռ մտադիր է կառուցել Անակլիայի նավահանգիստը և կրկին հայտարարել է մրցույթ: Լոգիստիկայի և նավահանգիստների շինարարական ընկերությունները սկսել են Փոթիի նավահանգստի զարգացումն ու ընդլայնումը, որը ներկայումս հանդիսանում է Վրաստանի ամենամեծ նավահանգիստը»,- ասված է զեկույցում:
Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ օտարման շուրջ վեճերը Վրաստանում հաճախակի չեն, սակայն մինչ 2012 թվականը, նախորդ կառավարության օրոք, ճանաչված կազմակերպությունները բարձրացրել էին՝ Սվանեթիում, Անակլիայում, Գոնիոյում և Սևծովյան տարածաշրջանում պատմական սեփականության իրավունքի ապօրինի հետկանչման հարցը: