Չնայած Արդարադատության միջազգային դատարանի կոչին, Իսրայելը չի պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունը Ռաֆահ քաղաքում
Իսրայելը, չնայած Միջազգային դատարանի կոչին, չի պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունը Ռաֆահ քաղաքում։
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի և արտաքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը գործում է՝ ելնելով իր տարածքը և քաղաքացիներին պաշտպանելու իրավունքից՝ իր բարոյական արժեքներին և միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:
Հայտարարության համաձայն՝ Իսրայելը չի իրականացրել և չի անցկացնի ռազմական գործողություններ Ռաֆահի շրջանում, որոնք կարող են հանգեցնել Գազայի հատվածում բնակվող պաղեստինցի խաղաղ բնակիչների ֆիզիկական ոչնչացմանը։
Միաժամանակ հայտնի է, որ հոկտեմբերի 7-ից հետո Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 35857-ի, ավելի քան 80000-ը վիրավորվել են։ Այսօր հայտնի դարձավ, որ Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ Էլ-Սիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցելուց հետո համաձայնել է ՄԱԿ-ի բեռները Գազա հասցնել Իսրայելի Քերեմ Շալոմ անցակետով։ Մայիսի 7-ից դադարեցվել են բեռնափոխադրումները Ռաֆահ անցակետից, որը մտնում է ուղիղ Գազա։
Ի գիտություն, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել ռազմական և այլ գործողությունները Ռաֆահ քաղաքում։