Չինաստանից Գերմանիա գնացքը կանցնի նաև Վրաստանով՝ շրջանցելով Ռուսաստանը
Չինաստանից Գերմանիա գնացքը կանցնի նաև Վրաստանով՝ շրջանցելով Ռուսաստանը

Շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանից Գերմանիա ուղևորվող գնացքը կանցնի նաև Վրաստանով։ «Rail Freight» հրատարակությունը հրապարակում է Չինաստանից Գերմանիա երկաթուղային գծի մանրամասն երթուղին։

«Առաջին գնացքը, որը ապրիլի 13-ին Սիան քաղաքից մեկնել է Գերմանիայի Մանհայմ քաղաք, կտեղափոխի հագուստ, սպորտային գույք և այլ իրեր։ Գնացքը կուղևորվի Ղազախստանի Ակտաու նավահանգիստ, այնուհետև բեռները կտեղափոխվեն Կասպից ծովով Բաքու, այնուհետև նորից երկաթուղով Վրաստան՝ Փոթիի նավահանգիստ։ Բեռը լաստանավով կտեղափոխվի Փոթի նավահանգստից Ռումինիայի Կոնստանտա նավահանգստային քաղաք, այնուհետև Արևելյան Եվրոպայի երկրներով երկաթուղով կհասնի Գերմանիա»,- ասվում է հրապարակման մեջ։

Ըստ հոդվածի՝ «բեռների փոխադրումը ծովով և երկաթուղով, շուկաներում ստեղծված իրավիճակում, Սիան քաղաքից ապրանքներ տեղափոխելու ևս մեկ փորձ է»։

«Բազմաթիվ ընկերություններ աշխատում են այլընտրանքային լուծումների վրա։ Օրինակ, «Gansu Wuwei»-ն Փոթի նավահանգստի հետ համագործակցությամբ իրականացնում է նաև բեռնափոխադրումներ նմանատիպ երթուղով»,- ասվում է հոդվածում։

Հրապարակման մեջ ասվում է, որ անդրկասպյան երթուղին նախընտրում են ոչ միայն չինական ընկերությունները։ Մարտի սկզբին հոլանդական «Rail Bridge Cargo» ընկերությունը գործարկել է երթուղի, որը կապում է Ճենճոուն՝ գերմանական Դույսբուրգ-Նոյս քաղաքի հետ։ Այս դեպքում բեռների տարանցումը տևում է 23-25 ​​օր և այն կանցնի Ղազախստանով, Բաքվով և Փոթիով։