Չինաստանի պաշտպանության նախարար. ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը Չինաստանի համար կարմիր գիծ է, որը շատ սխալ հաղորդագրություններ է ուղարկում Թայվանի անկախության կողմնակից ուժերին
Չինաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ անջատողականները և արտաքին ուժերը խաթարում են Չինաստանի հետ Թայվանի խաղաղ վերամիավորման հեռանկարը։ Դոնգ Ջունն այս հայտարարությունն արել է Սինգապուրում անվտանգության գագաթնաժողովում, որը հայտնի է որպես Շանգրի-Լա երկխոսություն:
«Թայվանի հետ կապված հարցերի լուծումը օրենքի համաձայն Չինաստանի ներքին գործն է, և արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտելու: Մենք միշտ հավատարիմ ենք եղել խաղաղ վերամիավորմանը, սակայն այս հեռանկարը խաթարվում է Թայվանի անկախության կողմնակից տարրերի և արտաքին ուժերի կողմից: Ազգային պառակտման վտանգ միշտ կա»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։
Չինացի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը կարմիր գիծ է Չինաստանի համար։
«Նման պահվածքը շատ սխալ հաղորդագրություններ է ուղարկում Թայվանի անկախության կողմնակից ուժերին եւ նրանց ավելի ագրեսիվ դարձնում։ Մենք հստակ ասում ենք, որ արտաքին ուժերի իրական խնդիրն է օգտագործել Թայվանը՝ Չինաստանին զսպելու համար»,- ասել է Դոնգ Ջունը։
Նույն ելույթում Չինաստանի պաշտպանության նախարարը Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի որոշ պետությունների մեղադրել է իրենց պարտավորությունները խախտելու մեջ։
«Որոշ երկրներ արտաքին կողմերի դրդմամբ դուրս են եկել երկկողմ պայմանավորվածություններից, խախտել են իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, միտումնավոր խնդիրներ են առաջացրել, պատրանքներ են ստեղծել՝ մոլորեցնելու հանրությանը, ինչպես նաև անտեսել են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերը։ Նրանք խախտել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) կանոնադրության երկու հոդվածներ՝ համագործակցելով արտաքին ուժերի հետ՝ տարածաշրջանում ռազմավարական հրթիռներ տեղակայելու համար՝ լրջորեն խաթարելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը: Նման գործողությունները, ի վերջո, հակաարդյունավետ կլինեն»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։