Չինաստանի ափերի մոտ նավերի բախման հետևանքով անհետ կորել է 32 մարդ
Չինաստանի ափերի մոտ նավերի բախման հետևանքով անհետ կորել է 32 մարդ

Չինաստանի արևելյան ափի մոտ իրար են բախվել պանամական նավթային լցանավը և հոնկոնգյան բեռնատար նավը, 32 մարդ անհետ կորել է: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ հունվարի 6-ին 20:00-ին: Իրար են բախվել Sanchi լցանավը և CF Crystal բեռնատար նավը:

Բախման հետևանքով կորել է կապը նավթային լցանավի անձնակազմի հետ: Այդ նավը պատկանում է իրանական Bright Shipping Limited ընկերությանը: Նավում եղել է ընդհանուր առմամբ անձնակազմի 32 մարդ՝ Իրանի 30 քաղաքացի և Բանգլադեշի երկու քաղաքացի:

Չնայած վնասվածքներին՝ հոնկոնգյան բեռնատար նավին ոչինչ չի սպառնում: Նավում եղել է անձնակազմի 21 անդամ, նրանք բոլորը տարհանվել են:

Դեպքի վայր են ժամանել չինական փրկարարական նավերը: Դեպքի վայրից ստացված լուսանկարներում երևում է նավթային լցանավում բռնկված հրդեհը: