Չինաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Սի Ցզինպինը հանդիպել է Եվրամիության առաջնորդների հետ
Պեկինը հյուրընկալում է Չինաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպել է Եվրամիության ղեկավարների հետ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելը կմասնակցեն գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն Չինաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերությունները։ Նրանք արդեն Պեկինում են։
«Ամեն օր երկու միլիարդ եվրոյի ապրանք է փոխանակվում Չինաստանի եւ Եվրամիության միջեւ։ ԵՄ առեւտրի դեֆիցիտը կազմում է 400 մլրդ եվրո։ Հուսով ենք, որ կոնկրետ միջոցներ կքննարկվեն ու կիրականացվեն այդ հարաբերությունները վերականգնելու համար։ Մենք նաև ուշադիր հետևում ենք Ասիայում տիրող իրավիճակին։ Մենք անհանգստացած ենք Թայվանում և Հարավչինական ծովում լարվածության աճով։ Մենք պահպանում ենք մեկ Չինաստանի քաղաքականության ճանաչման դիրքորոշումը»,- ասել է Շառլ Միշելը։
Չինաստանի նախագահի հետ ընթացող հանդիպման ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսել է նաև Չինաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների մասին և անդրադարձել մարդու իրավունքների խնդրին, որը, նրա կարծիքով, կարևոր է քննարկել։