Չեխիայում դեկտեմբերի 23-ը սգո օր է հայտարարվել
Չեխիայում դեկտեմբերի 23-ը սգո օր է հայտարարվել

Չեխիայում դեկտեմբերի 23-ը սգո օր է հայտարարվել։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան կառավարության արտահերթ նիստից հետո հայտարարել է, որ սգո օրը չեխական դրոշը կիջեցվի պետական ​​շենքերից։

«Կառավարության նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցինք հանգուցյալների հիշատակը։ Միևնույն ժամանակ, մենք կոչ ենք անում Չեխիայի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ազգային սգո օրը մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը»,- ​​ասել է Ֆիալան։

Կառավարության արտահերթ նիստին նախարարներից բացի մասնակցել է նաև երկրի նախագահ Պետր Պավելը, ով դադարեցրել է այցը Ֆրանսիա և վերադարձել Չեխիա։

Ասուլիսում Պետր Պավելը բոլորին հորդորեց ողբերգական իրադարձությունը չօգտագործել քաղաքական դրդապատճառներով և ապատեղեկատվություն չտարածել։

«Մեզ առաջին հերթին պետք է բարեպաշտություն, ինքնատիրապետում և հետևողականություն։ Այս զսպվածությունը հնարավորություն կտա ամեն ինչ մանրամասն քննել։ Միևնույն ժամանակ, մենք պետք է խելամիտ լուծում գտնենք այս իրավիճակից, թե ինչպես հնարավորության դեպքում խուսափել նմանատիպ իրավիճակներից ապագայում»,- ասաց Պավելը։

Սակայն Չեխիայի վարչապետը կառավարության նիստից առաջ ասել է, որ սա միջազգային ահաբեկչություն կամ կազմակերպված խմբի գործողություն չէ, և քաղաքացիներին վստահեցրել է, որ իրենց այլևս վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, երեկ զինված անձը կրակ է բացել Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում։ Թարմացված տեղեկատվության համաձայն՝ հրաձգության հետևանքով զոհվել է տասնչորս մարդ, վիրավորվել՝ 25-ը, նրանցից տասը ծանր վիճակում են։