Չեխիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել բարեգործական հիմնադրամի հիմնադիրին՝ ուկրաինացի փախստականների համար հատկացված գումարի մի մասի յուրացման փաստով
Չեխիայի դատախազությունը «Աջակցություն Ուկրաինային» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Գերգելին մեղադրանք է առաջադրել միջոցների յուրացման փաստով։ Նա կասկածվում է խարդախության մեջ։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, հետաքննությունը կասկածում է, որ նա յուրացրել է Չեխիայի կրթության նախարարությունից «Ռոզտիլ» հասարակական կենտրոնի ֆինանսավորման համար հատկացված 20 միլիոնի մի մասը։
Նշված կենտրոնը ստեղծվել է ուկրաինացի փախստականների և նրանց երեխաների ինտեգրման նպատակով և այն պետք է անվճար լիներ ուկրաինացի փախստականների համար։ Սակայն չեխական հեռուստատեսությունը պարզել է, որ «Աջակցություն Ուկրաինային» հիմնադրամը գումար է ստացել ուկրաինացի ծնողներից և ամիսներ շարունակ չի վճարել կենտրոնի ուսուցիչներին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ Գերգելին երկու միլիոն կրոն է փոխանցել իր մոր հաշվեհամարին Կրթության նախարարության կողմից 15 միլիոն չեխական կրոնի առաջին տրանշը ստանալու հաջորդ օրը։ Ավելի ուշ ֆոնդի հաշվից հանվել է մոտ վեց միլիոն կրոն, իսկ Պրահայում բնակարան գնելու համար վճարվել է ութ միլիոն կրոն։
Իրավապահները հետաքննության շրջանակներում Գերգելից առգրավել են 12 մլն չեխական կրոնի ակտիվներ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։