Չեխիան և Լեհաստանը խստացրել են Սլովակիայի հետ սահմանային հսկողությունը՝ կանխելու անօրինական միգրացիան և մաքսանենգների գործողությունները
Չեխիան և Լեհաստանը խստացրել են Սլովակիայի հետ սահմանային հսկողությունը՝ անօրինական միգրացիան և մաքսանենգներին զսպելու համար: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Խստացված հսկողությունը ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվանից և կգործի տասն օր՝ հնարավոր երկարաձգմամբ։
«Սա անհրաժեշտ միջոց է մաքսանենգների խմբերի և անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարի համար», – ասել է Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը։
Ըստ նրա՝ ստուգումն ընտրովի է լինելու սահմանի ողջ երկայնքով։
Հարևան երկրների որոշումը քննադատության է ենթարկվել Սլովակիայի կառավարության կողմից։ Վարչապետ Լյուդովիտ Օդորն ասել է, որ այս հարցը եվրոպական որոշման կարիք ունի։
Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, Սլովակիան բախվել է անօրինական ճանապարհով երկիր ներխուժած միգրանտների աճի հետ։ Միգրացիան Սլովակիայում նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներից էր։