Չեմպիոնների լիգա | «Իբերիան» Էստոնիայում հաղթեց «Ֆլորային» #1TVSPORT

22:54, 08.07.2026

Թբիլիսիի «Իբերիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Տալլինում 3:2 հաշվով հաղթել է «Ֆլորային»։

Թբիլիսցիները հանդիպումը հիանալի են սկսել և 18-րդ րոպեին բացել հաշիվը. «Իբերիային» առաջ է մղել Զվիադ Նաճղեբիան։ Իսկ 20-րդ րոպեին տանտերերի դարպասին Անդրիա Բարթիշվիլիին տապալելու համար նշանակված տասնմեկմետրանոց հարվածը դիպուկ է իրացրել Գիորգի Ջինջոլավան՝ թիմին պարգևելով երկու գնդակի առավելություն։

28-րդ րոպեին էստոնացիները կրճատել են հաշվի տարբերությունը. հեռահար հարվածով թբիլիսցիների դարպասը գրավել է «Ֆլորայի» կիսապաշտպան Վլադիսլավ Կրեյդան։

60-րդ րոպեին էստոնացիների դրությունը բարդացել է, քանի որ մրցավարը հրապարակից հեռացրել է նրանց կիսապաշտպան Այրոն Կոլոյին։ Փոքրամասնության մեջ մնացած էստոնացիները պայքարել են և Սանդեր Ալամայի գոլի շնորհիվ վերականգնել հավասարակշռությունը։ Սակայն երկու րոպե անց «Իբերիան» Բաքար Քարդավայի գոլի շնորհիվ կրկին առաջ է անցել հաշվի մեջ և ի վերջո հաղթանակ տարել։

Վրաց-էստոնական դիմակայության հաղթողը պարզ կդառնա հուլիսի 14-ին։ Պատասխան հանդիպմանը «Իբերիան» տալլինյան թիմին կհյուրընկալի Թբիլիսիում՝ Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում։

Ուշագրավ է, որ ութամյա դադարից հետո Վրաստանի չեմպիոնն առաջին անգամ իրական հնարավորություն ունի դուրս գալու մրցաշարի հաջորդ փուլ։

Նմանատիպ