Բուլղարիայի խորհրդարանը հաղթահարեց Ուկրաինային զրահափոխադրիչներ մատակարարելու վերաբերյալ նախագահի վետոն
Բուլղարիայի խորհրդարանը հաղթահարեց Ուկրաինային զրահափոխադրիչներ մատակարարելու վերաբերյալ նախագահի վետոն։ 162 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները երկրորդ անգամ աջակցել են Ուկրաինային զրահատեխնիկայի անվճար փոխանցման մասին համաձայնագրի վավերացմանը։
Դեկտեմբերի 4-ին Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել համապատասխան օրենքի վրա և այն վերադարձրել խորհրդարան՝ վերանայման համար։ Որպես վետոյի պատճառ՝ Բուլղարիայի նախագահը նշել է այն փաստը, որ խորհրդարանի անդամները բավարար չափով ծանոթ չեն օգնության կոնկրետ պարամետրերին, ինչի պատճառով նրանք չեն կարողացել օբյեկտիվորեն գնահատել, թե արդյոք այդ տեխնոլոգիան անհրաժեշտ է հենց Բուլղարիայում։
Նույն նիստում Բուլղարիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրմանը։ Մասնավորապես, նախատեսվում է Կիեւին փոխանցել անսարք, հնացած կամ ավելորդ զենիթահրթիռային համալիրներ։
Ուկրաինայի նախագահը արձագանքել է խորհրդարանում անցկացված քվեարկություններին: Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին և քաղաքական առաջնորդներին։
«Այս որոշմամբ մենք ամրացնում ենք Եվրոպան և պաշտպանում ազատությունը»,- գրել է Զելենսկին սոցցանցում։