Բուլղարիայի նախագահը վետո է դրել օրենքի վրա, որը նախատեսում է Ուկրաինային զրահափոխադրիչներ մատակարարել
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել օրենքի վրա, որը նախատեսում է Ուկրաինային զրահափոխադրիչներ մատակարարել։ Նշված օրենքը կվերանայվի խորհրդարանում։
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Որպես վետոյի պատճառ՝ Բուլղարիայի նախագահը նշում է այն փաստը, որ խորհրդարանի անդամները բավարար չափով չեն ծանոթացել օգնության կոնկրետ պարամետրերին, ինչի պատճառով նրանք չեն կարողացել օբյեկտիվորեն գնահատել, թե արդյոք այդ տեխնիկան անհրաժեշտ է հենց Բուլղարիայում։
Նախագահի աշխատակազմը կարծում է, որ համապատասխան օրենքը վավերացնելիս հաշվի չեն առնվել Ներքին գործերի նախարարության խնդիրները, սահմանային ոստիկանության կարիքները և հրդեհային անվտանգությունը։ Ռումեն Ռադևի խոսքով՝ վերոնշյալ ամենագնացը կարող է օգտագործվել Բուլղարիայի սահմանը պաշտպանելու և բնակչությանը բնական աղետների և դժբախտ պատահարների ժամանակ, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում օգնելու համար։
«Ես առաջնորդվում եմ այն համոզմունքով, որ բուլղարացի քաղաքացիների անվտանգությունը, առողջությունն ու կյանքը պետք է լինեն գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Բուլղարիայի նախագահը։
Ուկրաինային զրահատեխնիկա մատակարարելու մասին պայմանագիրը ստորագրվել է օգոստոսի 8-ին Սոֆիայում, իսկ նոյեմբերի 13-ին՝ Ուկրաինայում։ Քանի որ համաձայնագիրը վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, անհրաժեշտ է եղել այն վավերացնել Բուլղարիայի խորհրդարանի կողմից։