Բուլղարիայի հավաքականը Թբիլիսիում վթարի է ենթարկվել. Թիմի հիմնական խաղացողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
«Topsport»-ի հրապարակման համաձայն, Վրաստանում Բուլղարիայի հավաքականի պատվիրակությունը վթարի է ենթարկվել, որտեղ վնասվածք է ստացել թիմի հիմնական խաղացող ու առաջատարներից Թոդոր Նեդելեւը։
«Ավտովթարը տեղի է ունեցել օդանավակայանից հյուրանոց տանող ճանապարհին։ Մեր պատվիրակության առաջին մեքենան բախվել է երկրորդ ավտոբուսին, որում եղել են մեր խաղացողները։ Կիսապաշտպան Թոդոր Նեդելևը ուժեղ հարվածից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Մեր թիմի մյուս խաղացողները վնասվածքներ չեն ստացել և պարզապես վախեցել են»,- գրում է «Topsport»-ը։
Բուլղարիայի ֆուտբոլային միությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ավտովթարի վերաբերյալ։
«Բուլղարիայի հավաքականը Թբիլիսի ժամանելուն պես լուրջ ավտովթարի է ենթարկվել։ Հյուրանոց տանող ճանապարհին մեր թիմի երկու ավտոբուսներից առաջինի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով լուրջ վթար է տեղի ունեցել։ Բախումից հետո Թոդոր Նեդելևը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ նա այժմ լայնածավալ հետազոտություն է անցնում։ Հավաքականի մյուս բոլոր անդամները և Բուլղարիայի հավաքականի կազմը լավ են»,- ասվում է Բուլղարիայի ֆուտբոլային միության հայտարարության մեջ։
Հունիսի 12-ին, ժամը 20:00-ին կմեկնարկի Վրաստանի և Բուլղարիայի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։ Հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Վրացական Առաջին ալիքը ուղիղ եթերով կցուցադրի հանդիպումը: