Բրյուսելում ընթանում է ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի վեցերորդ նիստը
Բրյուսելում ընթանում է ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի վեցերորդ նիստը

Բրյուսելում ընթանում է ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի վեցերորդ նիստը: Նիստին մասնակցում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը կառավարական պատվիրակության հետ գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում:

ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի միջև:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, մարտի 17-ին Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում տեղի կունենան բարձր մակարդակի հանդիպումներ: Վրաստանի կառավարության ղեկավարին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհյուրընկալի դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Հանդիպումից հետո տեղի կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի և Ենս Ստոլտենբերգի համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսվում է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ:

Բրյուսել կատարած այցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով: Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոսի հետ:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն:

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը վարչապետի և կառավարության անդամների հետ միասին գտնվում է Բրյուսելում: