Բրիտանական The Independent հրատարակությունը Վրաստանը ներառել է 2026 թվականի յոթ լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում
Բրիտանական Independent հանդեսը 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում նշել է Վրաստանը։ Հրատարակության ճանապարհորդական փորձագետ Լորեն Թեյլորի խոսքով՝ Վրաստանը գնալով ավելի հանրաճանաչ է դառնում զբոսաշրջիկների շրջանում։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
Նրանց տվյալներով՝ Independent-ի ճամփորդական ցուցակում Վրաստանը հայտնվել է Մալյորկայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և այլ հայտնի ուղղությունների կողքին։
«EasyJet-ը այս տարի սկսել է թռիչքներ Լոնդոնից դեպի Թբիլիսի, և արևելյան Եվրոպայի այս երկիրը գնալով ավելի շատ ճանապարհորդների է գրավում։ Բացի այդ, 2026 թվականից կավելանան նոր ավիաչվերթներ դեպի Վրաստան։ Թբիլիսին հպարտանում է իր այգիներով, պատմական, քարերով սալարկված հին փողոցներով ու ծծմբային լոգարաններով։ Վրաստանի մայրաքաղաքից դուրս կան հին վանքեր ու մայր տաճարներ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառված Գելաթիի վանքը Քութայիսում։ Ինչպես ինձ ասաց խոշոր զբոսաշրջային ընկերություններից մեկի համահիմնադիր Թոմ Բարբերը, Վրաստանը հրաշալի երկիր է և շուտով չափազանց հայտնի կդառնա։ Թոմի խոսքերով՝ բոլորն, ովքեր այցելում են Վրաստան, ասում են, որ այն զարմանալի երկիր է։ Վրացիներն ունեն համեղ խոհանոց և աշխարհի ամենահին՝ 8000 տարվա պատմություն ունեցող գինու արտադրության ավանդույթ», – գրել է բրիտանացի ճանապարհորդական փորձագետը Independent-ի հոդվածում։