Բրիտանական ռազմական հետախուզությունը գտնում է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա կդանդաղի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, քանի որ նրա ռազմական ռեսուրսները սպառվում են. Բորիս Ջոնսոն
Բրիտանական ռազմական հետախուզությունը գտնում է, որ ռուսական հարձակումը Ուկրաինայի վրա կդանդաղի մոտակա մի քանի ամիսների ընթացքում, քանի որ նրա բանակը սպառվում է ռեսուրսներով,- այս մասին եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի ուժերն առաջ են շարժվում Ուկրաինայի Դոնբասի շրջանում, թեև դա նրանց համար ռազմական և սպառազինության մեծ կորուստ կարժենա։
«Մեր ռազմական հետախուզական ծառայությունը կարծում է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանը կարող է հասնել մի կետի, որ այլևս չկարողանա առաջ շարժվել, քանի որ սպառել է իր ռեսուրսները։ Այդ դեպքում մենք պետք է օգնենք Ուկրաինային շրջել դինամիկան։ Ես կպաշտպանեմ այս փաստարկը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում»,- ասել է Բորիս Ջոնսոնը։
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի Գերմանիայում այս շաբաթավերջին։
Հարցին, թե որն է լինելու Ուկրաինայի հաղթանակը կամ Վլադիմիր Պուտինի պարտությունը, Բորիս Ջոնսոնը պատասխանել է, որ դա առնվազն կվերականգնի ստատուս քվոն, որը գոյություն ուներ մինչև փետրվարի 24-ը: